Nabucco գազամուղը կարող է շահագործվել լավագույն դեպքում 2018 թ.՝ նախատեսվածից 4 տարի ուշացումով։ Այս մասին Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերը։ Օտտինգերի խոսքով, հավանականությունը, որ 2010 թ. գազամուղի շինարարության մասին որոշում կընդունվի, կազմում է 65 տոկոս։

Գազամուղը, որով գազը Կենտրոնական Ասիայից պետք է հասցվի Եվրոպա, եւ չեզոքացնի ռուսական գազից եվրոպական պետությունների կախվածությունը, ԵՄ համար «հեղինակության նախագիծ» է, նշել է Օտտինգերը։

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է Reuters-ը, ծրագրի մեկնարկը չեղյալ համարելու կամ այն հետաձգելու մասին որոշումներ չեն ընդունվել։

Գազամուղի շինարարությունը կսկսվի 2011 թվականին, իսկ գազի մատակարարումը նախանշված է 2014 թվականին։ Սկզբնական շրջանում գազի ծավալը կկազմի 8-10 մլրդ խ/մ՝ աստիճանաբար վերաճելով 31 մլրդ խ/մ։

Նախապես որոշվել էր Nabucco գազատարի շինարարությունը սկսել 2011 թ. ավարտին, իսկ գազամատակարարումը՝ 2014 թ. ավարտին։ Շինարարությունը սկսելու համար բոլոր թույլտվություններն արդեն իսկ ստացվել են, սակայն մինչ այժմ պարզ չէ ռսուրսների բազան, որի հաշվին կլցվի Nabucco-ն։ Որպես գազի աղբյուրներ դիտարկվում են Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Իրանը, սակայն նրանց հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել։