Հայաստանի կառավարությունը հաստատել է Արարատի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական ծրագիրը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաստատված ծրագիրը Արարատի մարզում ներդրում կատարելու առաջարկ է նաեւ` ուղղված միջազգային դոնոր կազմակերպություններին, գործարարներին, ֆիզիկական եւ իրավաբանական շահագրգիռ անձանց:

Գործադիրն ի գիտություն է ընդունել Արարատի մարզի ոռոգման համակարգի հիմնախնդիրներին վերաբերող տեղեկանքը, որի համաձայն ջրամատակարարման համակարգի մաշվածության եւ քայքայվածության պատճառով միայն ներտնտեսային ոռոգման ցանցում կորչում է ջրի մոտ 40 տոկոսը։ Կորուստը կրճատելու նպատակով կառավարության եւ ՀԲ օգնությամբ նորոգվել եւ վերակառուցվել է մոտ 60 կմ ներտնտեսային ցանց։ Հողատարածքների զգալի մասը ոռոգվում է մեխանիկական եղանակով, ուստի մեծ է ոռոգման ջրի ինքնարժեքը։ Ապագա ներդրումային ծրագրերի միջոցով նախատեսվում է կառուցել Քաղցրաշենի ինքնահոս ջրատարը եւ Վեդու ջրամբարը, որոնց շնորհիվ շահագործումից կհանվի 14 խոշոր պոմպակայան, կտնտեսվի զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա։

Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել նաեւ Արարատի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին։