Երեւանի կրկեսի` 2011թ սեպտեմբերին սկսված շինարարության շրջանակներում, օրերս հիմքն արդեն դրվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

«Շենքը կառուցվում է, ընթացքը սկսվել է: Դրանք ուշացան, որովհետեւ  ջրահեռացման աշխատանքները մեզնից խլեցին կես տարի, չէ՞ որ Երեւանի տակն ամբողջը ջուր է, դա վերջացրել ենք, հիմա արդեն հիմքը դրվում է, այնպես որ այսքան սպասելը իզուր չէր»,- ասաց նա:

Բուն շինարարական աշխատանքների ուշանալու պատճառն նաեւ այն էր, որ շենքի պայթեցման հետեւանքով նոր նախագիծ ստեղծվեց՝ ավելի լավ եւ ավելի շքեղ: «Նոր պրոյեկտով արդեն շենքի հիմքը դրվել է: որոշում ընդունվեց շենքը ավելի շքեղացնել՝ եւ տարածքը, եւ կրկեսը, եւ սպասարկման ոլորտը: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2014թ վերջին: Տեմպով պետք է ընթանա, արդեն կանգնել չկա»,-ասաց Սոս Պետրոսյանը: 

Կրկեսը որպես այդպիսին չկա, բայց անձնակազմը պարապ չի մնում, շարունակում է հյուրախաղերը Հայաստանի մարզերում, գյուղերում, վերջերս են վերադարձել ԼՂՀ-ից: Ինչ վերաբերում է «Շապիտո» շրջիկ կրկեսի իրենց գործին «խփելուն», Սոս Պետորսյանը մեկնաբանեց, որ դա առաջին անգամ չէ Հայաստանում, իրենք 5 տարի առաջ նույն «Շապիտո»-ով 200 ներկայացում են տվել: «Այժմ նպատակահարմար չեմ գտնում «Շապիտո»-ի աշխատելը, բայց դե մարդիկ ուզում են, թող աշխատեն: Ես՝ որպես մասնագետ, կուզեի, որ կրկեսը մի քիչ մնար նույն շենքում, ժողովուրդը կարոտով սպասեր, իսկ հիմա դրա անվան տակ կրկեսը մի քիչ կարող է ճիշտ չի լինել»,- ասաց Սոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել: Մշակույթի նախարարության հովանու տակ գործող Պետական կրկեսի գույքը 2005թ գնահատվել է 408 մլն 821 հազար դրամ եւ օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած Կրկեսի կոլեկտիվը` Սոս Պետրոսյանի գլխավորությամբ150 մլն դրամով սեփականաշնորհել է Երեւանի կրկեսը: