Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հուլիսի 29-ին հայտարարել է, որ այս ամառ Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա հարձակվելու սպառնալիք է գոյություն ունեցել, սակայն ԱՄՆ կողմից ուժեղ աջակցությունը Վրաստանին եւ երկրի ներսում «ժողովրդի միասնությունը» օգնել են Վրաստանին խուսափել այդ պատերազմից:

Սահակաշվիլին հայտարարել է նաեւ, որ Պուտինը այս տարվա ընթացքում ցանկանում էր հարձակվել իր երկրի վրա, «որպեսզի վերջ դնի Վրաստանի պետականությանը»:

«Վրաստանի պետությունը չքանդվեց ապրիլից հետո: Մեր ժողովուրդը պահպանեց միասնությունը եւ տնտեսությունը չփլվեց… Այսօր Ռուսաստանի եւ Եվրոպայի երկրների մեծամասնության տնտեսությունը անհամեմատ ավելի վատ վիճակում է, քան Վրաստանինը»,- ասել է նա ու հավելել. «Այդ գործոնների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի աջակցության շնորհիվ պատերազմի սպառնալիքն այս ամառ թուլացել է»:

Երեկ Սահակաշվիլին «ժողովրդական երկխոսության» շրջանակներում հանդիպել է Թբիլիսիի Գլդանի ավանի բնակչության հետ, որտեղ նշել է. «Իմ նպատակն է առաջիկա մի քանի տարիներին, որոնք մնում են մինչեւ նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը, ձեր ձայնը հասցնել յուրաքանչյուր պետծառայողի ու ընդհուպ մինչեւ միջազգային հանրությանը»:

«Վրաստանում մի կողմից կա քաղաքական գործիչների մի խումբ, ում համար զրույցները դա բիզնես են, իսկ մյուս կողմում ժողովուրդն է: Քաղաքական գործիչները վերածվել են հեռուստավարողների եւ, փաստորեն, խոսում են այն ժողովրդի մասին, ում մասին նրանք ոչինչ չգիտեն: Ես եկել եմ այստեղ, որպեսզի լսեմ ձեզ: Մենք այնքան փոքր երկիր ենք, որ զգալիորեն հեշտ է ուղիղ շփվել ժողովրդի հետ, քան ամեն երեկո նույն բանը կրկնել հեռուստատեսությամբ»-հայտարարել է Վրաստանի նախագահը: