Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օգնում է տարածաշրջանում ինտեգրացիայի հիմքեր ստեղծելուն եւ կբերի տարածաշրջանային կայունության եւ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման։ Այս մասին Երեւանում մարտի 25-ին հայտարարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։

Ինչպես նա նշել է, Վաշինգտոնի համար հայ-թուրքական գործընթացը գերակա ուղղություն է։

Այս գործընթացը, ամերիկացի դեսպանի խոսքով, դեռեւս շարունակում է մարտահրավեր մնալ։ Միեւնույն ժամանակ, ինչպես կարծում է Յովանովիչը, երկու երկրների հասարակություններն արդեն այսօր գիտակցում են այդ մերձեցման անհրաժեշտությունը եւ օգուտները։

Այս նպատակով հայ եւ թուրք հասարակությունների մոտ պետք է հարաբերությունները կարգավորելու պահանջ առաջացնել, ինչը թույլ կտա քաղաքական գործիչներին այս ուղղությամբ հետագա քայլեր անել։

Այդպես էլ անհայտ է մնում, թե ամերիկյան դիվանագետը ինչ է հասկանում «կարգավորելու պահանջ առաջացնել» ասելով։ Ակնհայտ է, որ նախորդ դեսպան Էվանսի հետ պատահածից հետո, նոր դեսպանը խոսքերի մեջ չափազանց չափավոր է ու թեական։ Օրինակ՝ նրա ասածը կարելի է հասկանալ այս կերպ. Հայաստանի նկատմամբ ճնշման գործադրմամբ կամ այլ մեզ հայտնի եղանակով կամ դրանց համադրմամբ Ադրբեջանին է վերադարձվում իր ուզածը։ Բավարարվում է միանգամից առնվազն 2 պետության պահանջ, հետո Թուրքիան ու Ադրբեջանը բարի կամքի ինչ-որ դատարկ ժեստեր են անում, ու Եվրոպան, ԱՄՆ-ը եւ էլի ուրիշ «ախորժակավորներ» այդ քայլը աշխարհին ներկայացնում են որպես հայկական պահանջների բավարարում, իսկ անհնազանդության դեպքում գործում է հարավսլավական ռմբակոծությունների տարբերակը։ Ճիշտ է ներկայացված տարբերակը Ադրբեջանի ու Թուրքիայի ակնկալիքն է, բայց պետք չէ բացառել ցանկացած տարբերակ, նույնիսկ մեր տեսակետից բացարձակ անընդունելի։ Դատելով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի վերջին քայլերից, կարելի է ասել, որ նրանք վերջերս փորձում են ամեն գնով լուծում գտնել ղարաբաղյան խնդրին՝ միջոցների մեջ խտրություն չդնելով։ Նրանք նույնիսկ կանգ չառան Ցեղասպանության հարցում իրենց վաղեմի դաշնակցի՝ Թուրքիայի հետ ժամանակավորապես հարաբերությունների վատացման առաջ՝ քաջ գիտակցելով, որ հարցերի արագ լուծման դեպքում թուրքերի հետ իրենց այդ ժամանակավոր հակամարությունը լիովին կփոխհատուցվի դոլլարների ու այլ արժեքավոր բաների տեսքով։ Հիշենք վերջերս ԱՄՆ-ի ու Շվեդիայի օրենսդիր մարմինների ընդունած հայկական բանաձեւերը՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ։ Նրանք կարծես մինչեւ վերջին վայրկյանը Թուրքիայի կողմից սպասում էին որեւէ դրական արձագանքի։ Դրական արձագանքի դեպքում կարելի է գրեթե համոզված ասել, որ միջազգային ճնշման ողջ բեռը միանգամից թափվելու էր Հայաստանի եւ սփյուռքահայերի վրա՝ Ցեղասպանության ճանաչման արշավը սառեցնելու եւ ղարաբաղյան հարցում ինչ-որ էական զիջում կորզելու ակնկալիքով։ Հայերը, բնականաբար չէին զիջի, բայց չմոռանանք որ նախկինում էլ պայքարել ենք մինչեւ ատամները, սակայն անբարենպաստ միջազգային իրադրության պատճառով ստիպված տեղի ենք տվել։ Եւ նման իրավիճակում Հայաստանին չեն փրկի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ Սփյուռքը, ո՛չ էլ հայկական ոգին, որը մեր գլխավոր կռվաններից է եղել բոլոր օրհասական վիճակներում։

Բայց մոռանում ենք այս տարածաշրջանի մեկ այլ խոշոր ու վճռորոշ խաղացողի՝ Ռուսաստանին։ Նրա դիրքորոշումը կարող է որոշիչ լինել հայ-թուրքաադրբեջանական հակամարտության մեջ։ Պատահական չէ, որ վերջերս թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի պատասխանատուները գրեթե ամեն աստծո օր գնում-գալիս են Մոսկվա։ Նպատակը մեկն է. շահագրգռել Ռուսաստանին, շանտաժի ենթարկել Արեւմուտքին։

Ու ամենազարմանալին այն է, որ Արեւմուտքը այս քայլերին կարծես այնքան էլ դեմ չէ։ Այսինքն, նա էլ ղարաբաղյան հարցում Ռուսաստանից դրական պատասխան է ակնկալում, չէ որ հակառակ դեպքում իր միլիարդավոր դոլարի նախագծերը, բառիս իսկական իմաստով, ջուրն են գնում, դեռ ավելին…։

Այլ հարց է, թե ռուսները կզիջե՞ն արդյոք իրենց ազդեցության ոլորտում գտնվողներին Արեւմուտքին։ Գրեթե վստահ կարելի է ասել, որ ո՛չ, բայց ո՜վ իմանա…