Այսօր` մարտի 25-ին Երեւանում ՀՅԴ նախաձեռնությամբ իր աշխատանքն է սկսել «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» միջազգային երկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովին իրենց պատվիրակներին են ուղարկել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Շվեդիան, Հունաստանը, Արգենտինան, Չիլին, Իրանը: Մասնակիցների թվում են նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մասնակիցների քննարկման հիմնական թեմաներն են լինելու ժամանակակից սոցիալիզմի գաղափարական եւ գործնական դրսեւորումները, սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների անցած ուղին ու ներկա գործունեությունը: ՀՅԴ-ն նախատեսում է այս տարվա ընթացքում 3 նմանատիպ խորհրդաժողովներ կազմակերպել:
Ելույթներ են ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամներ Դավիթ Լոքյանն ու Վահան Հովհաննիսյանը: Վերջինս ընդգծել է, որ ստեղծված տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ կառավարության գործունեությունը հասարակության համար վիճահարույց է դարձել, խորհրդաժողովը կոչված է պատասխաններ տալու նաեւ այդ հարցերին։ Զեկույցներով հանդես են եկել նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը, Շվեդիայի քրիստոնեա-սոցիալիստական դեմոկրատական կուսակցության նախագահ Պետեր Վեյդրուդը:



























