Մարտի 22-ին ԱՄՆ 28 կոնգրեսականները նամակ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների պետական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ հարակից ծրագրերի ենթահանձնաժողովին` խնդրելով 2011 թվականի պետական տարեկան վարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի օժանդակության համար նկատի ունենալ հավելյալ գումարներ` անբավարար համարելով 2010 թվականին այդ երկրներին տրամադրված օժանդակության չափը:
Կոնգրեսականները Հայաստանի համար պահանջել են առնվազն 70 միլիոն դոլար, իսկ Արցախի համար` 10 միլիոն: Նրանք շեշտել են նաեւ, որ Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության հավասարակշռությունը պետք է պահպանվի, նաեւ անհրաժեշտ են համարել անմիջական կապը Արցախի եւ Միացյալ Նահանգների միջեւ:
Նամակը ստորագրել են Ֆրենկ Փալոնը, Մարկ Քըրքը, Գրեյս Նապոլիտանոն, Բարնի Ֆրենկը, Ջորջ Ռադանովիչը, Լորենտա Սանչեսը, Էդուարդ Մարքին, Աննա Իշուն եւ այլք: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»:



























