2009թ. այլ երկրներում ապաստան է հայցել 6 հազար 226 հայաստանցի:

Այդ մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի ներկայացրած զեկույցում, որում ամփոփված է 2009 թվականի ընթացքում ապաստանի խնդրանքով դիմումների վիճակագրությունը:

Զեկույցը ներառում է 38 եվրոպական եւ 6 ոչ եվրոպական երկրներից ստացված տվյալներ, որոնց համաձայն, Եվրոպայում ներկայացվել է 286 հազար 700 դիմում, այդ թվում Եվրամիության անդամ երկրներում` 246 հազար 200, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Կանադայում` 82 հազար 300, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում` 6 հազար 500, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում` 1 700:

6 հազար 226 հայաստանցիների գերիշխող մեծամասնությունը` 5 հազար 963-ը, ապաստանը խնդրել է եվրոպական երկրներում, նրանցից 5 հազար 858-ը` Եվրոպական Միության անդամ երկրներում։ Կա վիճակագրություն նաեւ առանձին երկրների կտրվածքով։ 2009 թվականին Ավստրիայում ապաստան է հայցել 439 հայաստանցի, Բուլղարիայում` 39, Հոլանդիայում` 349, Լեհաստանում` 147, Սլովակիայում` 21, Բելգիայում` 1 099, Կանադայում` 18, Չեխիայում` 19, Դանիայում` 16, Ֆինլանդիայում 11, Գերմանիայում` 241:

Ֆրանսիայում անցյալ տարի ապաստանի խնդրանք է ներկայացրել 3 հազար 114 հայաստանցի. դա, ըստ զեկույցի, 50 տոկոսի աճ է կազմում։ Մի շարք երկրներում` Հոլանդիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Բուլղարիայում, Ավստրիայում եւ Ֆրանսիայում, հայաստանցիները ապաստան հայցող այլազգիների առաջին տասնյակում են։

44 պետություններում ապաստան որոնող հայաստանցիների թիվը 43 տոկոսի աճ է գրանցել, բայց «ռեկորդակիրը» Վրաստանն է. այդ երկրից ապաստանի դիմումների թիվը աճել է աննախադեպ` 102 տոկոսով։

2009 թվականին այլ երկրներում ապաստան խնդրած հայաստանցիների թիվը երկուսուկես անգամ ավելի է, քան ապաստան հայցող Ադրբեջանի քաղաքացիների թիվը` անցյալ տարի 44 երկրներում 2 հազար 477 ադրբեջանցի է ապաստան խնդրել։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ դիմումներ ստացող երկրների առաջին հնգյակում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Ընդհանուր հաշվով, 44 պետություններում ապաստան է խնդրել 377 հազար 200 մարդ։