ԿԽՄԿ-ի Երեւանի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հանդիպել են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին եւ նամակ հանձնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

ԿԽՄԿ-ն հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ Հակոբից հարազատներին փոխանցված նամակի բովանդակությունը չի բացահայտում:

Ըստ Հակոբի զարմիկ Արման Ինջիղուլյանի՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հարազատներին հայտնել են երրորդ երկիր ուղարկվելու վերաբերյալ Հակոբի ցանկության մասին:

Այդ լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովից NEWS.am-ին հայտնել են, որ այդ մասին որեւէ տեղեկություն չունեն: 

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 8-ի գիշերը մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ  գտնվող տարածքում:  Մեկ օր անց նրան Բաքու էին տեղափոխել: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով  ձգձգում էր ԿԽՄԿ-ի այցը գերյալ զինվորին: Առաջին անգամ ԿԽՄԿ-ի պատվիրակները գերուն կարողացել էին այցելել գերի ընկնելուց 12 օր անց միայն: