Մոսկվայի ոստիկանությունը  սկսել է ձերբակալել ազգայնականների «Մեր պատասխանը Քուրբան Բայրամին» անվանումը կրող ակցիայի մասնակիցներին՝ «Պրաժսկայա» կայարանի մոտ: Առաջին ձերբակալվածի մոտ կաստետ են հայտնաբերել: Ոստիկաններն սկսել են ստուգել կասկածելի անձանց:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ ազգայնականների հավաքը նախատեսված էր ժամը 19:00-ին, որի մասին հայտարարվել է սոցցանցերի միջոցով: Հավաքից հետո ակցիայի մասնակիցները նախատեսում էին երթ անցկացնել դեպի Բիրյուլովոյի շրջան: Ակցիայի նախաշեմին փակվել են «Պրաժսկի գրադ» եւ «Պրաժսկի պասաժ» առեւտրի կենտրոնները, որոնք գտնվում են մետրոյի կայարանի մոտ:

Բողոքի ակցիան կազմակերպվել է հոկտեմբերի 10-ի գիշերը Բիրյուլովոյում Եգոր Շչերբակովի սպանությունից հետո, որում կասկածում են ադրբեջանցի Օրհան Զեյնալովին: Ակցիան նվիրված է մահմեդականների Քուրբան Բայրամ տոնին:

Հավաքին մասնակցելու կոչը հրապարակվել է համացանցում այսպես կոչված «Ռուսական ցասումի օրվա» կազմակերպիչների անունից, որը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին ՌԴ մի քանի քաղաքներում:

Բիրյուլովոյում տեղի ունեցած սպանությունը առիթ է դարձել, որ Մոսկվայում ջարդեր սկսվեն: Ոստիկանության հետ բախումների հետեւանքով 23 մարդ է տուժել: Կատաղած ամբողջը հարձակվել էր կովկասցիներին պատկանող կրպակների ու խանութների վրա, ծեծի ենթարկել նրանց: