Ղազախստանը ԵԱՀԿ նախագահի կարգավիճակում որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցներից մեկը պատրաստ է այս տարի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Աստանայում: Այդ մասին, ինչպես գրում է ԿազՏԱԳ գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը՝ մարտի 26-ին ելույթ ունենալով ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստում:
«Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում մենք լայն աջակցություն ենք ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ պատրաստ ենք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպել Աստանայում 2010թ. ընթացքում»,- ասել է նա:
ԵԱՀԿ նախագահը հիշեցրել է, որ Հարավային Կովկաս կատարած շրջագայության ընթացքում, որ տեղի է ունեցել փետրվարի 15-17-ը, ինքը ծանոթացել է հակամարտության գոտում առկա իրավիճակին եւ կողմերի դիրքորոշումներին:



























