Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում: Այս մասին, հոկտեմբերի 15-ին, Եվրոպական խորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոտասիեւիչի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը, իսկ Արեւելյան գործընկերության շրջանակներում եվրոպական մերձեցումը՝ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից»,-ասել է Հովիկ Աբրահամյանը եւ շեշտել, որ Հայաստանում շարունակվելու է ժողովրդավարական բարեփոխումների խորացման գործընթացը:

«Մենք պատրաստակամ ենք էլ ավելի խորացնել եւ ընդլայնել մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով եւ հնարավոր բոլոր ձեւաչափերով»,-նշել է ԱԺ նախագահը: Այս համատեքստում կարեւորվել է խորհրդարանական փոխգործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը:  Պարոն Աբրահամյանը Եվրախորհրդարանի փոխնախագահին հրավիրել է Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ հրավերի համար` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեւիչը կարեւորել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը չի խոչընդոտի Հայաստան -Եվրամիություն հետագա համագործակցությանը: