Թուրքական Haberturk-ի եթերում կրկին Teke Tek հաղորդաշարում ուղիղ եթերով վիճաբանել են թուրքական Taraf թերթի թղթակից, լեզվաբան, ստամբուլահայ Սեւան Նիշանյանը եւ «Թուրքական պատմագիտական ընկերության» նախկին նախագահ, հայտնի կեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն։

Հաղորդման թեման, ինչպես եւ երկու շաբաթ առաջ, եղել է Հայկական հարցը։ Հաղորդման ընթացքում այս անգամ կողմերը ավելի հանդուրժող են եղել միմյանց նկատմամբ։ Սեւան Նիշանյանը կարեւորել է իր խոսքը հեռուստատեսության եթերում եւ նշել, որ տարիներ ի վեր թուրքական հեռուստատեսությունը 1915-ի հետ կապված մի թեզ է առաջ տանում, իսկ ինքը պարտավոր է ներկայացնել իրականությունը։

Հաղորդավար Ֆաթիհ Ալթայլը ինչպես միշտ ներկայացրել է իր հաղորդմանը ժողովրդի կողմից ուղարկած նամակները եւ կարդացել դրանցից մեկը. «Պարոն Ալթայլը, նախկինում էլ դուք ասում էիք, որ ձեր հաղորդմանը մարդիկ կարող են մտքեր հայտնել, որոնք չեն համապատասխանում կառավարության թեզերին։ Սակայն, ձեր ծրագրում իր կարծիքները հայտնած Հրանտ Դինքը այլեւս գոյություն չունի»։

NEWS.am-ը ավելի վաղ ներկայացրել էր նաեւ Սեւան Նիշանյանի եւ Հալաչօղլուի առաջին բանավեճը նույն հաղորդման ընթացքում։

Նախորդ հաղորդման ընթացքում թուրք հայտնի կեղծարար պատմաբանը կրկին փորձել է մշտապես ընդհատել եւ խանգարել Նիշանյանին՝ ներկայացնելու փաստերը, եւ իր բնավորությանը հատուկ ձեւով կրկին ժխտել է Ցեղասպանության փաստը եւ հայտարարել, որ զոհված 250 կամ 300 հազար հայերի մահվան պատճառ է եղել սովը, խոլերան եւ այլ հիվանդություններ:

Ստամբուլահայ բանախոսը չի դիմացել Հալաչօղլուի ստաբանություններին եւ կրկնել է մի քանի անգամ «Դուք ստում եք, փաստերը խեղաթյուրում եք, պարոն, անամոթաբար խաբում եք»: Այնուհետ Նիշանյանը ցույց է տվել իր հետ հեռուստաստուդիա բերած փաստաթղթեր, որտեղ բազմաթիվ ապացույցներ են եղել Ցեղասպանության վերաբերյալ, այդ թվում՝ Ցեղասպանության հեղինակներից մեկի՝ Թալեաթի հրամանը: Տեսնելով տվյալ պահի լարվածությունը՝ հաղորդավարը հաղորդումը ընդմիջել է գովազդով:

Սեւան Նիշանյանը հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում էլ հայերը միշտ ստորացվել են եւ վիրավորվել, իսկ 1915-ին Վանում հայերի զինվելը զուտ ինքնապաշտպանական նպատակ է ունեցել: