Այսօր` մարտի 26-ին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Այվազյանին խիստ նկատողություն է տրվել այն պատճառով, որ նա Գագիկ-Ծառուկյան-Ներսես Երիցյան հակամարտության ժամանակ պաշտպանել է ոչ թե ՀՀԿ քվոտայով նախարար դարձած Ներսես Երիցյանին, այլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին ասել էր, որ նա չի տիրապետում տնտեսական իրավիճակին, որից հետո ի տարբերություն այլ ՀՀԿ-ականների, Վարդան Այվազյանը նշել էր, որ եթե Ծառուկյանը քննադատել է էկոնոմիկայի նախարարին, ուրեմն դրա համար հիմքեր ունի:

Հարցին՝ եթե դա չի եղել նկատողության պատճառը, ապա որն է եղել, Շարմազանովը պատասխանել է. «Ուրեմն, կուսակցության կայքէջում կա գործադիր մարմնի որոշումը: Իսկ ինչո՞ւ դուք պետք է մանրամասն իմանաք, թե կուսակցությունը ինչ է արել, ոնց է արել: Դրանք մեր կուսակցության ներքին խնդիրներն են»:

Նշենք նաեւ, որ երբ մենք երեկ փորձեցինք Վարդան Այվազյանից պարզել, թե ինչպես է մեկնաբանում ՀՀԿ-ի կողմից նկատողություն ստանալու փաստը, նա արձագանքեց. «Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել: Ես հիվանդանոցում պառկած եմ»: