Առանց երիտասարդ գիտնականների գիտության զարգացումը հեռանկար ունենալ չի կարող: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երեւան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70-ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ մեր գիտնականներն իրենց մեծ ներդրումն են ունեցել գիտության եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԳԱԱ գիտնականները նույնպիսի նվիրումով կշարունակեն իրենց կարեւորագույն աշխատանքը՝ տարեցտարի ակադեմիայի գիտնականների շարքերը համալրելով երիտասարդներով:

Ակադեմիայի առկա ձեռքբերումները նա պայմանավորել է նաեւ միջազգային ակտիվ համագործակցությամբ: Նախագահի խոսքով, ցանկացած երկրի համար դժվար է պատկերացնել արդի պահանջներին համապատասխան գիտության զարգացումն առանց այդ փոխգործակցության: Նախագահը կարեւորել է ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային ծրագրերի եւ տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, որի լավագույն օրինակներից մեկն էլ չորս տասնյակ երկիր միավորող Գիտությունների համաեվրոպական ազգային ակադեմիաների ֆեդերացիան է, որի անդամ է նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան:

Հանդիպմանը ներկա երկրների ակադեմիաների նախագահները Հանրապետության նախագահի հետ զրուցել են գիտության արդի մարտահրավերների, դրանց դիմակայելու հնարավորությունների եւ գիտության զարգացման հեռանկարների մասին: Նրանք եւս կարեւորել են ակադեմիաների ակտիվ համագործակցությունը, միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ տարիներ ի վեր գոյություն ունեցող իրենց արդյունավետ համագործակցությունը: Գիտնականները դրվատանքով են խոսել նաեւ պետության կողմից Հայաստանի ակադեմիայի նկատմամբ ցուցաբերվող հոգածության, գիտնականների աշխատանքը գնահատելու եւ Հայաստանի գիտության զարգացմանն ուղղված ջանքերին աջակցելու մասին:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանն անվանի գիտնականներին հրավիրել է մասնակցելու եւ իրենց ներկայությամբ պատվելու նախագահի նստավայրում հանդիպումից անմիջապես հետո անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի 2013թ. կրթական պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը, շփվելու հայ տաղանդաշատ աշակերտների եւ ուսանողների հետ, խրախուսելու նրանց: Գիտնականները սիրով ընդունել են նախագահի հրավերը՝ մասնակցելով միջոցառմանը: