Թուրքական իշխանությունների կողմից Ախթամարի Ս. Խաչում տարին մեկ անգամ կրոնական արարողություններ անցկացնելու թույլտվությունից հետո թուրքական IHA գործակալության թղթակիցը զրուցել է Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։
Արք. Աթեշյանը նշել է, որ դեռեւս պատրիարքարան պաշտոնական հաղորդագրությունը չի հասել, սակայն իրենք շատ ուրախ են նման լուրի համար։ "Երբ 2007-ին Ս. Խաչը բացվեց որպես թանգարան, մենք խնդրեցինք թույլ տալ գոնե տարին մեկ անգամ իրականացնել կրոնական արարողություն։ Այս տարվա սեպտեմբերի 12-ին Վարագա Սուրբ Խաչի տոնին նվիրված պատարագը Ախթամարի Ս. Խաչում ես եմ գլխավորելու։ Հավատում եմ, որ այդ օրը աշխարհի տարբեր կողմերից շատ հայեր են գալու։
Նշեք, որ Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը ստորագրել է Վանի նահանգապետի դիմումը՝ թույլատրելով, որ հայերը տարին մեկ անգամ կարողանան Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում կրոնական արարողություններ իրականացնել։
Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի կողմից ընդունված որոշման մեջ նշվում է, որ թույլատրվում է տարին մեկ անգամ, սեպտեմբեր ամսի երկրորդ կեսին իրականացնել կրոնական արարողություններ, իսկ արարողությունների ամսաթիվը կորոշի Վանի նահանգապետարանը։




























