Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին կկայանա Գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ օրակարգը կորոշեն տեղում, կքննարկեն ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: «Կարծում եմ, այո, Արարատի քաղաքապետի անունը հայտնի կդառնա»,- ասաց Ռուբեն Թադեւոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Նա նշել էր, որ քաղաքապետի մոտ առկա է գլխուղեղի ուռուցք:
Նրա լիազորությունները դադարեցվել էին, եւ նշանակվել նոր ընտրություն: ԲՀԿ-ն մտադիր է առաջադրել Սամվել Բարսեղյանի թեկնածությունը:Նա երկար տարիներ աշխատում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանում: Իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ Արարատի նախկին քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Թովմասյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար բոլորն էլ մրցակիցներ են, արդար ընտրությունների պարագայում չի կարծում, որ խնդիր կունենա: ըստ տեղեկությունների՝ ՀՀԿ-ի թեկնածուն Հայկ Հայկյանն է՝ նախկին մանկավարժ, նա երկու անգամ մասնակցել էր քաղաքապետի ընտրություններին, բայց չէր ընտրվել: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ վերջինս վայելում է «Ավշարի» Գրիգորյան եղբայրների հովանավորչությունն ու վստահությունը:




























