Մոսկվայում ձերբակալել են «Նովիե Չերյոմուշկի» ընկերության տնօրենի խորհրդի նախագահ Մագոմեդ Չուրիլովին, ով ղեկավարում է Արեւմտյան Բիրյուլովոյի շրջանում մթերային բազան:

Ընկերության գլխավոր տնօրեն Ալիասհաբ Գաջիեւի դեմ դաշնային հետախուզում են հայտարարել: Չուրիլովի ու Գաջիեւի դեմ քրեական գործ են հարուցել անօրինական միգրացիայի կազմակերպման համար: Ձերբակալել են նաեւ բազայի անվտանգությունն ապահովող «Կոնկորդ» գործակալության գլխավոր տնօրեն Վիկտոր Կոտլեւսկուն, որի հետ քննչական աշխատանքներ են անցկացվում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ բիրյուլովյան մթերային բազայի ղեկավարության մեջ կան դրածո անձինք: Լրագրողները պարզել են, որ ընդհանուր առմամբ «Նովիե Չերյոմուշկի» ընկերության սեփականատերերի թիվը 160 է, իսկ ձեռնարկության հիմնական պարագլուխները եղբայրներ Իգոր Իսաեւն ու Իբրահիմ Գաջիեւն են: Իսաեւն այս պահին գտնվում է փախուստի մեջ, իսկ Գաջիեւին հոկտեմբերի 15-ին տեսել են առեւտրի ու ծառայությունների քաղաքային բաժանմունքում: «Նովիե Չերյոմուշկի»-ի պատվավոր նախագահ է հանդիսանում Ռուսաստանի հերոս, փորձարկող օդաչու Մագոմեդ Տոլբոեւը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Մթերային բազայի «Պոկրոսկայա» օպերատոր ընկերության աշխատանքը կասեցվել էր 90 օրով Մոսկվայի Չերտանովսկի դատարանի կողմից Ռուսաստանի սպառողական վերահսկողության հայցի համաձայն: Մթերային բազայում ստուգումները սկսվել էին դեռ հոկտեմբերի 13-ից այնտեղ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից ու ջարդերից հետո, որոնք սկսվել էիին Եգոր Շչերբակովի սպանությունից հետո, ինչի մեղադրանքով ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին: