Բարոնուհի Քերոլայն Քոքսը բրիտանական կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է «Asbarez» պարբերականը։ ePolitix.com բրիտանական կայքում տեղադրված հոդվածում, Քոքսը գրում է, որ կա մի քանի պատճառ, որոնց համաձայն, Ցեղասպանության ճանաչումը տեղին է հենց հիմա։ Քոքսը հիմնական պատճառներից մեկը համարում է Հայոց ցեղասպանության ճանաչումը Շվեդիայի խորհրդարանի կողմից։ Բարոնուհու կարծիքով, վաղուց ժամանակն է ճանաչել ցեղասպանության փաստը, հաշվի առնելով նաեւ այն, որ այս տարի Ցեղասպանության 95-րդ տարելիցն է։

Նրա կարծիքով, ցեղասպանության ճանաչումը կկանխի այս հանցագործության կրկնությունն այլ ազգերի նկատմամբ։

Բարոնուհին ընդգծում է, որ թուրքական կառավարության ակտիվ ջանքերը՝ ուղղված Ցեղասպանությունը չճանաչելուն, կարող են ողբերգական հետեւանքներ ունենալ։ Նրա համոզմամբ, ճշմարտությունը ճանաչելուց հրաժարվելը « անխուսափելիորեն կանխում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հնարավորությունը»։ Եւ վերջապես «ցանկացած ցեղասպանության պատմական իրողությունն ընդունելուց հրաժարումը կարող է խթան լինել այլ պոտենցիալ հանցագործների համար, ովքեր համոզված են, որ իրենց գործողությունները կարող են անպատիժ մնալ»։