Ռուսաստանը մտադիր չէ մինչեւ 2015թ.-ը ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ մտցնել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Նրա խոսքով՝ մինչեւ 2015թ.-ը ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ չի կիրառվի, քանի որ որոշ երկրներում պարզապես արտասահմանյան անձնագրեր չկան:
«Օրինակ, Ղըրղըզստանի քաղաքացիները Ռուսաստան են գաիս անձը հաստատող պլաստիկ քարտերով, եւ պարզապես վիզա դնելու տեղ չկա»,- հայտնում է Կ. Ռոմոդանովսկին, հաղորդում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել էր որոշ երկրների հետ վիզային ռեժիմի կիրառման կոչը՝ նշելով, որ դա հետ կմղի նախկին խորհրդային պետություններին Ռուսաստանից:
«ԱՊՀ սահմաններում վիզային ռեժիմը կնշանակի, որ մենք հեռացնում ենք մեզանից Խորհրդային Միության նախկին երկրներին: Իսկ մեզ պետք է մեր կողմ գրավել, սակայն այդ գործընթացը պետք է ավելի քաղաքակիրթ կերպով ընթանա»,- պարզաբանել է Վ.Պուտինը՝ մեկնաբանելով ՌԴ-ում մեծ թվով ներգաղթյալների խնդիրը:





























