Տարիներ շարունակ Սյունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչների ջրամատակարարման եւ ոռոգման ջրի խողովակաշարի մի մասը բաղկացած էր «ասբեստ» տեսակի նյութից պատրաստված խողովակներից, ինչը սպառնում էր համայնքի բնակիչների առողջության անվտանգությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին: Այս խնդիրը մտահոգության առարկա էր դարձել դեռեւս 2012 թվականին, երբ լուրը տարածվել էր զանգավածային լրատվամիջոցներում:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, թե
Բազելի կոնվենցիայի համաձայն, որն ի դեպ վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից դեռեւս 1999թ., ասբեստը համարվում է թունավոր թափոն եւ կարող է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ:
Մամուլի միջոցով տարածված տեղեկատվության հիման վրա` Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել էր Լիճք համայնքի բնակիչների առողջության անվտանգության սպառնալիքի վերաբերյալ խնդրի քննարկումը եւ խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մի շարք գրություններ էր ուղղարկել պատկան մարմիններին:
Սյունիքի մարզպետարանից պատասխանել էին, որ Սյունիքի մարզի Լիճք համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի մի հատվածը իսկապես ասբոցեմենտյա է:
Միաժամանակ հայտնել էին, որ Լիճք համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի ասբոցեմենտյա հատվածի փոփոխման նպատակով ընթացիկ տարում արդեն իսկ իրականացվել է շինարարական աշխատանքների գերակշռող մասը, եւ կապված բնակլիմայական պայմանների հետ, նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչեւ 2013 թվականի հունիս ամիս: Ընդ որում, նշված խողովակաշարով ջուր կմատակարարվի համայնքի բնակչությանը ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման համար, որի շնորհիվ իսպառ կդադարեցվի ասբոցեմենտյա խողովակաշարով ջրամատակարարումը:
Մտահոգված լինելով շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներով, ինչպես նաեւ մարդու` առողջ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի անարգել իրականացմամբ` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս դեպքում եւս ուշադրության կենտրոնում էր պահում խնդիրը եւ հետեւողական էր դրա լուծման հարցում:
Արդյունքում` Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ համաձայն Լիճք գյուղական համայնքի ղեկավարի հաղորդման, խնդիրն արդեն լուծված է: Համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին նոր ցանցի շինարարությունը, թեեւ խոստացված ժամկետից բավականին ուշացումով, արդեն ավարտվել է, եւ 2013 թվականի սեպտեմբերի 20-ից այն շահագործվում է:





























