Այսօր` մարտի 26-ին Երեւանում Հայաստանի ու Չեխիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Մարտին Բարտակը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

Նշենք, որ Չեխիայի փոխվարչապետ-պաշտպանության նախարար Մարտին Բարտակը ուշացումով էր հասել Հայաստան, ուստի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ միայն 2 լրագրողի թույլ տրվեց հարց տալ:

«Չեխիան եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների լիիրավ եւ ակտիվ անդամ է, եւ համագործակցությունը այս երկրի հետ կրկնակի հնարավորություն է տալիս Հայաստանին զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ, ԵԱՀԿ եւ ԵՄ շրջանակում»,- Համաձայնագրի ստորագրումից հետո ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավելելով, որ այդ համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահ առաքելության իրականացման ոլորտներում, ինչպես նաեւ փորձագիտական, խորհրդատվական, պատմական թանգարանագիտական հարցերում:

«Այս Համաձայնագիրը տրամաբանական շարունակությունն է այն բանի, որ ՀՀ եւ Չեխիայի քաղաքական ղեկավարությունները կարեւորում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը: Մեզ համար առավելապես կարեւոր է համագործակցության ընդլայնումը ռազմական արդյունաբերության ոլորտում, եւ շնորհակալ եմ պարոն Բարտակից, որ Հայաստան է բերել չեխ գործարարների՝ այդ ոլորտում շփման եզրեր գտնելու եւ այն զարգացնելու համար»,-նշեց նա:

Մարտին Բարտակն իր հերթին նշեց, որ իր երկիրը պատրաստ Է ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին տրամադրել ռազմական փորձ, վարժանքներ եւ ուսումնական անհրաժեշտ պայմաններ: «Այսօր մենք խոսեցինք համագործակցության ծավալման վերաբերյալ թե՛ ռազմական կրթության, թե՛ ռադիոքիմիական պաշտպանության ոլորտում: Վերջինը, ի դեպ, առավել կարեւոր է այն առումով, որ մեր ԶՈՒ-ում դեռ գործածում ենք ԽՍՀՄ տարիների զինամթերք եւ դրա մոդեռնիզացիայի փորձ ունենք»,- ասաց նա:

Չեխիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօրվա ընթացքում հանդիպելու է նաեւ Սերժ Սարգսյանի հետ, հետո Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա մեկնելու է Հայաստանից: