ԵԽԽՎ հայկական պատվիրակությունից Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հանելու վերաբերյալ որեւէ պաշտոնական գործընթաց այս պահի դրությամբ չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարուհի Փոստանջյանը։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին կազինոյում գումար պարտվելու մասին իր հարցին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ինքը չի կասկածում, որ դա ճշտված տվյալ է, քանի որ դա հնչել է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից, մասնավորապես՝ Վիկտոր Դալլաքյանի շուրթերից։ «Սերժ Սարգսյանը ներկայացնում է կրիմինալ խմբակ, ես Սերժ Սարգսյանին չեմ դիտում  Հայաստանի նախագահ, չեմ ճանաչում նրան որպես նախագահ, եւ ամեն ինչ անելու եմ, որ հայ ժողովուրդը իրոք ունենա ընտրված իշխաություններ։ Մենք չունենք այսօր նախագահ, եթե ունենայինք, այս վիճակը չէր լինի, ես ցավ եմ ապրում դրա համար»,-ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ «Սերժ Սարգսյանի պատասխանը լավագույնս բնութագրեց նրան, ինքը պատրատս չէր հնարավոր հարցադրմանը, ինքը իր նկատմամբ ցուցմունք տվեց, իրեն մեղադրող ցուցմունք տվեց»։

Խոսելով ընդդիմադիրների իրեն քննադատելու մասին՝ նա նշեց, որ ըմբռնումով է վերաբերում դրանց, «իհարկե այդպես էլ պետք է լիներ, մենք տարբեր սերունդներ ենք ներկայացնում, խորհրդային մտայնությամբ առաջնորդվող մարդիկ են»։ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հարգում է նրանց տեսակետը,սակայն չի կիսում։

Իսկ թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չէր գնացել օդանավակայան՝ իրեն դիմավորելու, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «օդանավակայան իրեն գալիս են դիմավորելու ամենամտերիմ մարդիկ, իր ընտանիքի անդամները», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն ընդունել է հաջորդ օրը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am