Ջութակը, որը  «Տիտանիկի» սուզվելու ընթացքում նվագում էր նվագախմբի երաժիշտներից մեկը, հոկտեմբերի 19-ին աճուրդի կհանվի: Այն այժմ գտնվում է Բրիտանիայում:

Մասնագետների կարծիքով՝ լեգենդար երաժշտական գործիքը, որի իսկությունը մոտ 2 տարի ստուգել են, կարող է վաճառվել ռեկորդային գնով՝ 300 հազար ֆունտ ստեռլինգով (500000 դոլար):

Հայտնի է, որ ջութակը նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլիին է պատկանել, այն նրան իր հարսնացուն էր նվիրել «Տիտանիկով» ուղեւորության մեկնելուց առաջ: Ասում են, որ ջութակի վրա մինչ օրս մակագրություն է փակցված. «Ուոլեսին՝ Մարիայից, մեր նշանադրության օրվա առթիվ»:

Հարթլին, ինչպես նաեւ եւս 1500 մարդ, 1912թ. դարձել էր «Տիտանիկի» նավաբեկության զոհ: Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները  հայտնել էին, որ  Հարթլիի մարմինը հայտնաբերվել էր երկու շաբաթ անց՝ ջրում: Նա համերգային  հանդերձանքով էր, իսկ ջութակը պատյանում էր՝ մարմնին ամուր կցված, հաղորդում է «vesti.ru»-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Նավի սակավաթիվ ողջ մնացած ուղեւորները հայտնել էին, որ Ուոլես Հարթլին բղավել էր. «Gentlemen, I bid you farewell!» («Ջենթլմեններ, ես հրաժեշտ եմ տալիս ձեզ»):

Երաժշտի մարմինը հայրենիք տեղափոխելուց հետո հրաշքով փրկված գործիքը հանձնել էին Ուոլես Հարթլիի հորը, իսկ նա՝ զոհված որդու հարսնացուին: Յոթ տարի առաջ ջութակը պատահաբար հայտնաբերվել էր Հյուսիսային Յորքշիրի տներից մեկի ձեղնահարկում: 

Աճուրդի կազմակերպիչը Բրիտանիայի Henry Aldridge & Son from Wiltshire ընկերությունն է, որը յոթ տարի եւ հազարավոր դոլարներ է ծախսել՝ գործիքի իսկությունը հաստատելու համար: