Աթենքում ցույցերի մասնակիցները Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասի համար զամբյուղներով մթերք են բերել: Նրանք այդ քայլով ծաղրում էին նախարարի այն հայտարարությունը, թե իր ընտանիքն էլ է տառապում ճգնաժամից:
Մի քանի տասնյակ պետաշխատողներ ֆինանսների նախարարության շենքի մոտ ձիթապտղի յուղ էին տարել, լոլիկ եւ հավ: Ցույցի մասնակիցներից մեկը տարել էր նաեւ գերմանական նրբերշիկներով մի զամբյուղ, պնդելով, որ դրանք ուղարկել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Ցուցարարները նաեւ պաստառներ են ունեցել, որոնցից մեկում պատկերված է եղել Ստուրնարասը՝ փողոցում պառկած անօթեւանների հետ:
Ցուցարարները չեն կարողացել Ստուրնարասին հանձնել «նվերները», հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ցույցի պատճառը հունական թոք-շոուում Ստուրնարասի խոսքերն են եղել: Նա պնդել է, որ գիտի, թե ինչպես են ապրում ճգնաժամից տառապող հույները: Մասնավորապես, նա հայտարարել էր. «Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ապրել ամսական 500 եվրոյով: Իմ հարազատների շարքում կան մարդիկ, ովքեր բավականին սահմանափակ գումարով են ապրում: Նրանք են՝ իմ մայրը, իմ աները, զոքանչը»:





























