Դավթաշեն եւ Արաբկիր շրջաններում բնակարաններ գնած քաղաքացիներն ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի գործով օրերս կայացած հերթական դատական նիստին «Տոնուսից» նորից որեւէ ներկայացուցիչ չէր ներկայացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից «գցված»  քաղաքացիներից մեկը` Փափազյան փողոցում կառուցված շենքից բնակարան գնած երգիչ Արթուր Իսպիրյանը:

Նա նշեց, որ ներկայացուցիչ էր եկել «Արցախ» բանկից, որը ինչ-որ թղթեր ներկայացրեց, դրանք կուսումնասիրեն փաստաբանները: «Արդեն հոգնել ենք «Տոնուսին» ման գալուց, թող բերեն պատասխանատվություն ենթարկեն: Մենք սպասում ենք, որ բանկի գրավից հանեն մեր բնակարանները, կամ էլ պետք է քրեական գործ հարուցեն: Երբեք թող իրենց մտքով չանցնի, որ կարող է լռենք, շատ լարված մթնոլորտ ենք ստեղծելու ամբողջ հանրապետությունում,եթե դրական պատասխան չեղավ: Ես ինքս էլ կկազմակերպեմ, այս անգամ ոչ թե կառավարության դեմն ենք ակցիաներ անցկացնելու, որովհետեւ կառավարությունը պատասխան չունի տալու, այլ նախագահականի դեմն ենք սկսելու մեր ակցիաները կազմակերպել, երեւի պետք է նախագահի հանձնարարական լինի, որ այս հարցը լուծվի»,-ասաց Արթուր Իսպիրյանը:

Նրա խոսքով՝  «ինչքան կարող են ձգձգել, արդեն ձգձգման վերջը եկել է, պատին են դեմ առել, իրենք պետք է մեզ դրական պատասխան տան շուտափույթ մեր բնակարանները վերադարձեն, ոչ մի պատճառաբանություն չենք ուզում լսել»: Արթուր Իսպիրյանն ասաց, որ բնակիչները պատրաստ են գումար հավաքել եւ մնացած շինարարական աշխատանքները ավարտին հասցնել, վերելակը տեղադրել, տարածքը բարեկարգել, միայն թե իրենց բնակարանները վերադարձվի:

Ի դեպ, հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 30-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են խաբված: