Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է 3-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաեւ` Եվրոպայի եւ Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին` վստահություն հայտնելով, որ այն պիտի լավագույնս նպաստի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զորացմանն ու զարգացմանը:
Տարբեր երկրներից Հայաստան ժամանած անվանի լրագրողներին ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ նրա հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատմությունն ու առաքելությունը` Վեհափառ Հայրապետն ընդգծել է այն կարեւոր դերակատարությունը, որ Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ազգային ինքնության ձեւավորման եւ պահպանման գործում:
Ի պատասխան լրագրողների հարցումների` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է Հայ Եկեղեցու ազգօգուտ ծառայությունը սոցիալական ոլորտում, նաեւ Եկեղեցու խաղաղասիրական ջանքերն ի խնդիր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Եկեղեցու կրթադաստիարակչական գործունեությանը, նրա առջեւ ծառացած զանազան մարտահրավերներին եւ երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:





























