ԱԺ էթիկայի հանձնաժողովն իր գործունեության ընթացքոմ ստացել է 21 դիմում, դրանցից 16-ը մերժվել է. բոլոր նյութերը տեղադրված են ԱԺ կայքէջում եւ հասանելի են հանրությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Հարությունյանը հույս է հայտնել, որ լսումները կօգնեն բարեփոխելու ոլորտի օրենսդրությունը:
«Խորհրդարանական էթիկայի ոլորտում միջազգային չափորոշիչները եւ զարգացման ընդհանուր միտումները» զեկույցով հանդես է եկել Կանադայի Մաքգիլ համալսարանի Զարգացմանն ուղղված միջազգային օժանդակության գծով ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը: Նա նկատել է, որ վերջին տասնամյակների ընթացքում ողջ աշխարհում նվազում է խորհրդարանների հանդեպ հանրության վստահությունը, բացառություն են կազմում Շվեդիան եւ Դանիան: Պատճառները բազմաթիվ են. ժողովրդավարության պակաս, արժեհամակարգերի փոփոխություն, կրթվածության մեծացում եւ այլն, ուստի անհրաժեշտ է կատարել համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք կհսկեն պատգամավորների վարքագիծը եւ կնպաստեն խորհրդարանների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Այդ նպատակի համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է ունենալ վարքագծի կանոնագիրք, որտեղ ամրագրվում են պատգամավորի վարքագծի կանոնները եւ դրանց խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցները, որոնք տարբեր երկրներում խիստ բազմազան են: Ըստ փորձագետի, թեեւ պատժամիջոցներն արդյունավետ չեն, այնուամենայնիվ դրանց առկայությունն անհրաժեշտ է:
«Կարգավորման հիմնական սկզբունքները. կանոնների գործնական կիրառման որոշ հարցեր» զեկուցմամբ հանդես է եկել խորհրդարանական էթիկայի գծով միջազգային բրիտանացի փորձագետ Ջոն Լյոնը: Կիսելով իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները, նա տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում, օրինակ, Վարքագծի կանոնագիրքը 4-5 տարին մեկ փոփոխվում է: Վարքագծի կանոնագիրք ունենալու նպատակը մեկն է՝ ունենալ ուժեղ, վստահելի խորհրդարան, բարձրացնել խորհրդարանի նկատմամբ հանրության վստահությունը: Նշվեց, որ այսօր դեռեւս 6-7 երկրներ ունեն պաշտոնապես հաստատված Վարքագծի կանոնագրքեր: Փորձագետը նշել է, որ Մեծ Բրիտանիայում Ստանդարտների հանձնաժողովի քննության առարկա են դառնում այն դեպքերը, երբ պատգամավորի վարքագիծը բացասաբար է անդրադառնում խորհրդարանի հեղինակության վրա:
«Գույքի եւ եկամուտների հայտարարագրումը. պրակտիկան եւ խնդիրները» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը: Նա նշել է, որ մեկուկես տարի գործող հանձնաժողովն արդյունավետ գործում է, սակայն աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել լրամշակելու ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման վերաբերյալ դրույթները, գտնել ուղիներ՝ պարզելու նրանց կողմից հայտարարագրված տվյալների հավաստիությունը, հստակեցնել ընտանիքի անդամների ցանկն ու փոխկապակցված անձանց շրջանակը, ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը: Արմեն Խուդավերդյանը նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովը համագործակցում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, նախատեսվում է անցնել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի. այս հարցին օժանդակում է Համաշխարհային բանկը:





























