«Դա եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ տեսակետը վերջին տասը տարվա ընթացքում, պարզապես այդքան հստակ եւ պարզ այն երբեք չի արտահայտվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս սիրիական Al Watan թերթին տված հարցազրույցը, որում վերջինս նշել էր, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրագործելու հնարավորության եւ անվտանգության մեխանիզմների ստեղծման դեպքում հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձն Ադրբեջանին։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ նախագահի այդ հայտարարությունը՝ Արամ Սաֆարյանը նշեց. «Եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնա անկախ պետություն, մնացած հարցերը արագորեն եւ հեշտ կլուծվեն»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Al Watan-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. «Հակառակ Ադրբեջանի պնդումներին` Ղարաբաղի շուրջ ձևավորված անվտանգության գոտին մեր կողմից ոչ բնակեցվում, և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդն ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»: