Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն պատրաստ չէր տնտեսական ճգնաժամին, այլեւ ոչ համարժեք արձագանքեց դրան ու ուղեկցող միտումներին: Նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` Երեւանում տեղի ունեցող «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» խորհրդաժողովում: Նրա խոսքով, տնտեսական նման իրադրությունը, երբ արագ տեմպերով արժեզրկվում է դրամը, բնակչությունը ցածր գնողունակություն ունի, վատթարանում են քաղաքացիների կենսապայմանները, կարող է սոցիալական պայթյուն առաջացնել:
«Աշխատող քաղաքացիների իրավունքներն ու շահերն այսօր պաշտպանված չեն: Գործազրկությունն անընդհատ աճում է, նկատվում է միգրացիոն հոսքի աճ: Այդ եւ այլ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները ստիպում են մեզ հաստատել սեփական առաջնահերթությունները եւ կայուն տնտեսության առողջացման ու կառուցման մեխանիզմները»,- նշել է Ռուստամյանը՝ հավելելով, որ Հայաստանում այսօր իշխում է պլուտոկրատիան, որի սկզբունքները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսական եւ քաղաքական բաղադրիչները միահյուսված են:
Նա ընդգծել է նաեւ, որ արդեն վաղուց հասունացել է ընթացիկ մարտահրավերներին համապատասխանող ժամանակակից սոցիալիզմի գաղափարախոսության ներդրումը, որը կհամախմբի հասարակությունը: Ա. Ռուստամյանի խոսքով, ՀՅԴ-ն առաջնահերթ է համարում աղքատության դեմ պայքարը, առողջապահական ոլորտի բարեփոխումները, բարձրորակ կրթական համակարգի ստեղծումը, զբաղվածության ապահովումը, մրցունակ տնտեսության ստեղծումը, աջակցությունը տեղական արտադրանքի արտահանմանը:



























