Եթե Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարությունն այլեւս չկրկնվի, ապա դժվար թե ազդի ռուս-ադրբեջանական հարաբերություններ վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վարչակազմի աշխատակից Ալի Հասանովի ելույթին, որտեղ նա խիստ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի իրավապահ մարմինների ու ռուսական ԶԼՄ-ների գործունեությունը:
Սակայն, նրա համոզմամբ, եթե Ադրբեջանը համառի, ապա, իհարկե, դա խիստ բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ դա այժմ Ռուսաստանի համար բավական ցավոտ թեմա է:
«Ես չգիտեմ, թե գործնականում ինչպիսին կլինի ռուսական կողմի արձագանքը, սակայն կարծում եմ, որ ադրբեջանական հայտարարություններն ուղղակի կանտեսվեն»,- կարծիք է հայտնել Ալեքսնադր Խրամչիխինը՝ միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայում սա կհիշեն, եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կվատթարանան հոգեբանական մակարդակում:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմն ի դեմս հասարակա-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը հանդես էր եկել Ռուսաստանի իրավապահ մարմինների ու ռուսական ԶԼՄ-ների դեմ կտրուկ հայտարարություններով:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հասանովը ռուսական ոստիկանությանը մեղադրել է ներգաղթյալների նկատմամբ խոշտանգումներ կիրառելու մեջ՝ կապված ենթադրյալ մարդասպան Օրհան Զեյնալովի շուրջ ստեղված իրավիճակի հետ:





























