Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների նորաստեղծ խորհրդի պատվավոր նախագահ է ընտրվել Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր, դերասան, սցենարիստ, վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը։ Այս մասին Ազատության հրապարակում հոկտեմբերի 17-ին ազատամարտիկների հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։
«Նրանք, ովքեր այսօր մտավորականի խոսք են ակնկալում, ովքեր խոսում են հայ մտավորականության դերի մասին, պիտի իմանան, որ հայաստանի անկեղծ ու իսկական բարձր մտավորականությունը իր ժողովրդի հետ է։ Շփվեք Երվանդ Մանարյանի հետ, գնահատեք լավագույններին, եւ դուք մեծ համոզմունքով կասեք, որ մենք ունենք անձնվեր, ազգանվեր մտավորականություն, եւ միայն նրանց խոսքը պիտի լսի ժողովուրդը»,- ասաց նա։
Աբգար Ափինյանը հորդորեց բոլորին միանալ ազատամարտիկների շարժմանը՝ անվանելով այն քաղաքական մտավորական էլիտա։
«Հայաստանում մինչեւ հիմա գոյություն ունեցած բոլոր շարժումներից ամենարդյունավետը եղել է, կա ու պիտի լինի ազատամարտիկների շարժումը»,- ասաց Երեւանի գրողների միության նախագահը։





























