Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների շրջանակներում ունեն համագործակցության մեծ ներուժ: Նախագահն ասել է, որ Հայաստանը կարեւորում է միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությունը, որը զգալիորեն կօժանդակի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնց նպատակը հանրային կյանքի բոլոր ոլորտների բարելավումն է:
Չեխիայի պաշտպանության նախարարն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ այսօր ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում: Նա ասել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հետ, եւ նախանշվել են համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղությունները:
Չեխիայի փոխվարչապետը նաեւ նշել է, որ իր հետ Հայաստան է ժամանել գործարարների պատվիրակություն: Կողմերը հույս են հայտնել, որ հայ-չեխական գործարար շփումները կօգնեն բացահայտել եւ իրացնել այս ոլորտում առկա մեծ ներուժը:
Սերժ Սարգսյանը, ի դեմս փոխվարչապետ Մարտին Բարտակի, շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար եւ նկատել, որ Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է:




























