Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է Քենիայի առեւտրի կենտրոնում ահաբեկիչների հարձակման տեսագրությունը: Տեսագրությունը (Նախազգուշացում. Տեսանյութում բռնության տեսարաններ կան) արվել է հսկող տեսախցիկներով, հայտնում է lenta.ru-ն:
Կադրերում միայ չորս ահաբեկիչներ են երեւում, այնինչ քենիական իշխանությունները 10-15 հոգու մասին էին պատմում:
Հաստատվել է այն լուրը, որ ահաբեկիչների մեջ Նորվեգիայի քաղաքացի է եղել:
BBC News-ը գրում է, որ այդ մասին հայտարարել են նորվեգական հատուկ ծառայությունները: Խոսքը 23-ամյա Հասան Աբդի Դուհուլոուի մասին է: Նրա ճակատագիրն անհայտ է:
Նախկինում հաղորդվել էր, որ հարձակվողների շարքում նաեւ ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի սոմալիական համայնքի ներկայացուցիչներ են եղել: Նաեւ, ըստ լրատվամիջոցների, հարձակմանը մասնակցել է բրիտանուհի Սամանթա Լյութուեյթը՝ 2005թ. Լոնդոնի մետրոյում ռումբ պայթեցրած ահաբեկիչ Ջերմեն Լինդսիի այրին:
Ահաբեկիչները Նայրոբիի առեւտրի կենտրոնի վրա հարձակվել էին 2013թ. սեպտեմբերի 21-ին՝ հարյուրավոր պատանդներ վերցնելով: Զոհվել էր 61 մարդ: Իրավապահների գրոհի արդյունքում սպանվել էին հինգ ահաբեկիչներ: Եվս 60 մարդ անհետ կորած են: Հոկտեմբերի 18-ին տեղեկություն հայտնվեց, որ առեւտրի կենտրոնի ավերակներում եւս երեք դիակ են գտել, որոնցից երկուսը ենթադրաբար ահաբեկիչներից են, մյուսը՝ զինվոր:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է սոմալիական «Աշ Շաբաբ» խմբավորումը՝ հարձակումը հայտարարելով վրեժ՝ Սոմալիի խաղաղապահների կազմում ընդգրկված քենիացիների ռազմական գործողությունների համար:





























