Հնդկական Թամիլանդ նահանգի ոստիկանությունը ապօրինի զենք փոխադրելու համար հոկտեմբերի 18-ին կալանավորել է 35 մարդու, որոնք գտնվել են Seaman Guard Ohio նավում:
Հնդկական իշխանությունների տվյալով՝ նավում, որը հնդկական ջրեր մտնելու թույլտվություն չի ունեցել, հայտնաբերվել են 31 ինքնաձիգ եւ մոտ հինգ հազար փամփուշտ՝ առանց համապատասխան թույլտվության:
Seaman Guard Ohio-ում նաեւ 1,5 հազար լիտր դիզվառելիք է եղել:
Ամերիկյան AdvanFort ընկերությանը պատկանող եւ Սյերա-Լեոնայի դրոշով լողացող նավը կանգնեցվել էր հոկտեմբերի 12-ի գիշերը Տուտիկորին նավահանգստում: Նավում անձնակազմի 10 անդամներ եւ զինված 25 հսկիչներ են եղել՝ Հնդկաստանի, Էստոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի քաղաքացիներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
AdvanFort ընկերությունը այս շաբաթ հայտարարել է, որ Seaman Guard Ohio-ն Տուտիկորին մտել է «Ֆայլին» ցիկլոնից պատսպարվելու համար: Ընկերության ղեկավար Ուիլյամ Ուոթսոնը հայտարարել է, որ անձնակազմի անդամների պարտականություններից էր նավը ծովահեններից պաշտպանելը, այդ պատճառով էլ նավում պաշտպանական միջոցներ եւ զենք-զինամթերք են եղել:
ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է Seaman Guard Ohio նավի հսկիչների կալանավորման լուրը:





























