Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում ավարտվել են թվով 16 հենապատերի հիմնանորոգման եւ եւս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը ներառել է 7 վարչական շրջան. Ավան, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի եւ Դավթաշեն: Նոր հենապատերից մեկը կառուցվել է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում:
Ըստ անհրաժեշտության բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել նաեւ բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարեւանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը եւ հենապատերի հնարավոր քայքայումը:
Ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 30-ը, սակայն նոր ուսումնական տարվա սկզբին արդեն ծրագրում ներառված եւ չբարեկարգված հենապատ չի եղել:





























