Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին եւ ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների եւ զարգացման հեռանկարների շուրջ:
Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են նաեւ հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:


































