Հայաստանում ռուսական գիմնազիա հիմնելու նախագիծն արդեն պատրաստ է, եւ ներկայումս ընթանում են համաձայնագրի շուրջ քննարկումները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում, ՌԴ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի  հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ Կլիմովը Հայաստան է ժամանել մասնակցելու Երեւանում տեղի ունեցող Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Մոսկվայի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորությանը: Նախարարը նշել է, որ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում, որ իրենց երեխաները հնարավորություն ունենան սովորել հայերեն: Արմեն Աշոտյանը hույս է հայտնել, որ նախագծի իրականացումը կնպաստի նաեւ մշակութային բազմազանությանը: Անդրադառնալով Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեությանը` նախարարը նշել է, որ հայաստանյան բուհերի շարքում Սլավոնականը գրավում է առաջատար դիրք` իր հետ բերելով կրթական նոր մակարդակ:

ՌԴ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովն իր հերթին  կարեւորել է ՌԴ դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումը՝ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը:  Վերջինիս խոսքով` ՌԴ-ում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ: Նախարարի տեղակալը նաեւ ընդգծել է, որ ՌԴ կառավարության համար գերակա է համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերել հենց բուհերի ներսում իրականացվող  այն գիտակրթական նախագծերին, որոնք հստակ արդյունք են տալիս:  Ալեքսանդր Կլիմովը շեշտել է, որ Սլավոնական համալսարանը եւս կարող է հայտ ներկայացնել` մասնակցելու վերոնշյալ ծրագրերին:

Հանդիպմանը ներկա Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին ընդգծել է, որ կրթության որակով համալսարանն այսօր կարող է մրցել Ռուսաստանի բարձրակարգ բուհերի հետ եւ կոչ արել միջկառավարական մակարդակում որոշակի աջակցություն ցուցաբերել գիտահետազոտական ծրագրերին` Ռուսաստանի գիտության բնագավառում հայկական գիտական մտքի ընթացքն ապահովելու համար: