Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթի հետ կապված SterkTV-ով մեկնաբանություններով են հանդես եկել PKK-ի քաղաքական թեւ համարվող KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ) գործադիր խորհրդի կին համանախագահ Բեսե Հոզաթը, գործադիր խորհրդի անդամներ Մուրադ Քարասուն եւ Սաբրի Օքը, ովքեր միաձայն համարել են, որ ներկայացված փաթեթը քրդական հարցի կարգավորմանը չի նպաստում։
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ KCK-ի գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթը նշել է, թե արդեն 3 ամիս է, ինչ Թուրքիայում քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը փակուղի է մտել, իսկ Էրդողանի կողմից ներկայացրած ժողովրդավարացման փաթեթը քրդական հարցի կարգավորման ձախողման դեկլարացիան է։
KCK-ի գործադիր խորհրդի անդամ Մուրադ Քարասուն իր խոսքում նշել է, թե իշխող կուսակցությունը՝ AKP-ն (Արդարություն եւ զարգացում կուսակցություն) ժողովրդավարացման փաթեթը պատրաստել է գաղութատիրական գաղափարախոսությամբ եւ նրանք, որ Աբդուլլահ Օջալանին չեն ընդունում խնդրի կարգավորման համար բանակցող կողմ, չեն ընդունի մայրենիով ուսուցումն ու ինքնավարության պահանջը։
Հաղորդման մեկ այլ մասնակից, KCK-ի գլխավոր խորհրդի անդամ Սաբրի Օքն էլ շեշտել է, թե AKP-ի գաղափարախոսությունը փակ է քրդական հարցի կարգավորման համար։ «Էրդողանն ընդամենը մեկ անգամ է ասել «քրդական հարց»։ Նման մտածելակերպով կարգավորում կլինի՞։ Հնարավոր չէ»,-շեշտել է Սաբրի Օքը։





























