Հայաստանն ու Ռումինիան կրթության բարեփոխումների իրականացման ասպարեզում կարեւոր գործընկերներ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման նախարար Մինեհա Կոսմին Կոշտոյուի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ ռումինացի նախարարը Երեւանում է գտնվում Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:

Բոլոնիայի քարտուղարությունը 2012 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Ռումինիայից. «Բոլոնիայի քարտուղարության Ռումինիայի փորձը մեզ համար շատ օգտակար է եղել, մենք հույս ունենք, որ քարտուղարությունում մեր աշխատանքի  երեք տարիների փորձն էլ կարեւոր կլինի այն երկրի համար, որը 2015 թվականին կստանձնի քարտուղարությունը»,- հանդիպման ընթացքում, ներկայացնելով քարտուղարություն շրջանակում ՀՀ կողմից իրականացված եւ նախատեսված աշխատանքները, նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Կողմերն ադրադարձել են հայ-ռումինական կրթական համակագործակցությանը՝ կարեւորելով միջբուհական հարաբերություններրի զարգացումը: Նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է ռումինական կողմի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնել՝ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու  նպատակով:

Անդրադարձ է եղել նաեւ ԵՊՀ-ի եւ Բուխարեստի համալսարանների միջբուհական ծրագրերի խորացմանը, երկկողմ ուսանողական ծրագրերին ու կրթական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի: