Եվրոպայի հայերի 3-րդ համագումարի երկրորդ օրը Եվրախորհրդարանի պատգամավորները զարմանք են հայտնել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի անսպասելի որոշման հետ կապված: Այս մասին հոկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում  հայտարարել է  ՀՅԴ քաղաքական հարցերով եւ «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 14-15-ին Բրյուսելում կայացած Եվրոպայի հայերի երրորդ համագումարին:

Երկրորդ օրը համագումարը շարունակվել է Եվրախորհրդարանում, նշել է Կիրո Մանոյանը: Երկու հիմնական թեմա է քննարկվել: Առաջինը՝ «Ցեղասպանությունը եւ միջազգային իրավունքը»: Քննարկմանը մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի զեկուցողներ: Հիմնական շեշտը դրվել է նրա վրա, որ Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, եւ դրա տակ պարտադիր պետք է հասկանալ նաեւ փոխհատուցումը», - ընդգծել է Մանոյանը:

Ըստ Մանոյանի՝  երկրորդ թեման  եղել է տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ:  «Այս թեմայի շրջանակում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մասնակիցներից պետք է առանձնացնել  ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բերնար Ֆասիեի դիրքորոշումը, որը նշել է, որ բանակցություններում անհրաժեշտ է Ղարաբաղի անմիջական մասնակցությունը, ինչպես նաեւ ընդգծել է, որ համանախագահների կողմից ներկայացված կարգավորման փաթեթը միասնական փաթեթ է, եւ չի կարելի այն առանձնացնել», - նշել է Կիրո Մանոյանը: Նա հավելել է, որ Բերնար Ֆասիեն միաժամանակ Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունից, իսկ ԱՄՆ-ին՝ հաշվի չառնել Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության փաստը ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատանքի ընթացքում: 

Ըստ Կիրո Մանոյանի՝ մասնակիցների հարցերից  պարզ է դարձել, որ հայերը հիասթափված են ԵՄ-ի քաղաքականությունից այն համատեքստում, որ ԵՄ-ն բավականաչափ չի նպաստել Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական խնդիրների լուծմանը: «Չնայած դրան՝ երկու կողմից էլ ընդգծվել է Հայաստանի եւ ԵՄ-ի սերտացման գործընթացը շարունակելու  ցանկությունը», - նշել է Կիրո Մանոյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am