Մեր երկրում հայկական դպրոցների վիճակը սեւ երանգներով ներկայացնելը քաղաքական առումով կոռեկտ չէ: Այս մասին հոկտեմբերի 18-ին Ֆրիդրիխ Էբերտի եւ «Համաձայնություն» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Վրաստան. նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին՝ պատասխանելով Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հարցին:
«Իհարկե, ես էլ ոգեւորված չեմ նրանից, որ դեռ կան լուծում պահանջող հարցեր: Սակայն նման խնդիրների մասին խոսելով՝ մենք պետք է հանգամանորեն ծանոթ լինենք իրավիճակին: Ցանկանում եմ հիշեցնել, որ աշխարհում ոչ մի պետություն, Վրաստանից բացի, բյուջեի հաշվին հայկական դպրոցներ չի պահում, դրանք թվով 143-ն են: Եթե դուք աշխարհում գիտեք վայր, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ կան հայկական մշակույթի եւ հայերենի զարգացման համար, պատմեք այդ մասին», – ասել է Վրաստանի դեսպանը:
Նա նշել է, որ լեզուների պահպանության եվրոպական չափորոշիչները ազգային փորքամասնությունների համար պարտավորեցնում են կազմակերպել միայն լեզվի ու գրականության ուսուցում: «Աշխարհում ոչ ոք պարտավոր չէ կազմակերպել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի ուսուցում ոչ պետական լեզվով: Իսկ Վրաստանը դա ֆինանսավորում է: Մենք կարող էինք պարզապես սահմանափակվել ընդունված կարգով եւ ասել. Վրաստանը ֆինանսավորում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցումը, իսկ մնացածը՝ դուք գիտեք: Սակայն մենք երբեք դա չենք արել եւ երբեք էլ չենք անի», – ամփոփել է դեսպանը:





























