ԵՄ եւ Թուրքիայի միջեւ անմիջական բանակցությունների համար Եվրամիության գործադիր իշխանության կողմից մշակված պայմանների թվում չկան հարցեր՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, սակայն գոյություն ունի Եվրախորհրդարանի բանաձեւ՝ կապված այդ հարցի հետ: Այս մասին հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով եւ «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Եվրոպայի հայերի երրորդ համագումարին:

Վերջնիս, նրա համոզմամբ, վկայում է այն մասին, որ ԵՄ-ում կա ինչ-որ տրամադրվածություն եւ չի բացառվում, որ որոշակի երկրներ իրենք բարձրացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Կարծում եմ դեռեւս հնարավորություն կա, եթե  ոչ այդ հարցը առաջ քաշված նախապայմանների թվում ներառելու, ապա գոնե այն բարձրացնելու համար, հաշվի առնելով, որ Թուրքիա-ԵՄ բանակցությունները պետք է դեռեւս երկար ճանապարհ անցնեն»,-ընդգծել է Կիրո Մանոյանը: