Վրաստանի նախագահի երեք հիմնական թեկնածուներն էլ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր ռազմավարական են համարում: Այս մասին հոկտեմբերի 18-ին Ֆրիդրիխ Էբերտի եւ «Համաձայնություն» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Վրաստան. նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Խոսելով թեկնածուների հայտարարություններում արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ ուղղությունների մասին՝ դեսպանը նշել է, որ Միասնական ազգային շարժում կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն եւ «Վրացական երազանքից» իր մրցակից Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարում են, որ Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումն այլընտրանք չունի: «Դեմոկրատական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հայտարարություններն այդքան ուղղակի չեն, սակայն բովանդակությամբ նման են: Սակայն արտաքին քաղաքականության ուղղության ընտրությունը չի ազդում Հայաստանի հետ հարաբերությունների վրա, հավելել է դեսպանը: «Որ թեկնածուն էլ որ հաղթի, Հայաստանի հետ հարաբերությունները չեն վատանա:
Հայաստանի քաղաքական ուղղվածության հետ դա կապ չունի: Բոլոր թեկնածուներն էլ նշում են մեր հարեւանների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն առաջնահերթ է: Ինչ վերաբերվում է Հայաստանի քաղաքական ուղղվածության ընտրությանը, դա մեր հայ ընկերների ընտրությունն է, եւ մենք հարգում ենք այն», – եզրակացրել է դեսպանը:





























