«Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում հասարակական կարգը խախտելու եւ կրակելու համար 37-ամյա   Մարինե Խ-ն եւ 31-ամյա Արթուր Չ-ն պատժվեցին տուգանքով: Կենտրոն  Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 38-ամյա Մարինե Խ-ն մայիսի 27-ին, ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երեւան քաղաքի Տերյան փողոցի 91 հասցեում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` քաղաքացիների անդորրը, իր գազային «Վոլտրան» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է օդ, որի ժամանակ մոտեցել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները եւ Մ. Խոսրովյանին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

31-ամյա Արթուր Չ-ին բեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ  N զորամասի զինծառայող, կոչումով ենթասպա, 2013թ. մայիսի 27-ին ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` քաղաքացիների անդորրը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, իրեն ամրակցված «Մակարով»  տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է օդ:

Ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալ Մարինե Խ-ը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, նախաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջում է կատարածի համար, խնամքին ունի մեկ անչափահաս երեխա եւ իրեն վերագրվող արարքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ:

Ամբաստանյալ Արթուր Չ-նն էլ  նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, նախաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջում է կատարածի համար, խնամքին ունի մինչեւ 14  տարեկան երկու երեխա , իրեն վերագրվող արարքը կատարել է ալկոհոլի  ազդեցության տակ: Քննելով գործը դատարանը վճռել է Ամբաստանյալ Մարինե  Խ-ին  եւ Արթուր Չ-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում եւ դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50 հազար դրամ գումարի չափով։ Հոկտեմբերի 14-ին գործը ուղարկվել է դատարանի արխիվ: