Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում, հոկտեմբերի 17-ին, եկեղեցու բացման առթիվ հրավառությունից հետո, ոչ հայկական , ոչ ադրբեջանական կողմից կրակոցներ չեն հնչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանը:
Նրա խոսքով, այդ օրը սփյուռքահայ ամուսինների հովանավորությամբ Սուրբ Գեւորգ եկեղեցու օծման արարողություն է եղել: «Երկու հատ պուճուր «սալյուտ» են էրեխեքը վառել: Եթե դրանից վախենում են, բա թող վախենան: Իրականում դա չի կարող գնդակոծության տպավորություն թողնել: Սովորական էրեխեքի ձեռքի սալյուտը ո՞նց կարող է գնդակոծության տպավորություն թողնել»,-մանրամասնեց գյուղապետը:
Գյուղապետը նշեց, որ ադրբեջանցիները իրականում լավ էլ գիտակցել են, որ դա սովորական հրավառություն է եւ արհեստական աղմուկ են բարձրացրել: «100 տոկոս դա արհեստական աղմուկ էր: Նրանք պարզապես սադրանքի են դիմել, որ աղմուկ բարձրացնեն»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում, հոկտեմբերի 17-ին, եկեղեցու բացման առթիվ հրավառությունը Ադրբեջանի ՊՆ ամփոփագրերում որպես հրադադարի ռեժիմի խախտում եւ ադրբեջանական դիրքերի գնդակոծում է ներկայացվել: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «երեկ եւ անցյալ գիշեր Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղի դիրքերից գնդակոծության են ենթարկվել Ադրբեջանի ԶՈւ դիրքերը»: «Ռազմինֆոն» տեղեկացնում է, որ իրականում հոկտեմբերի 17-ին Բերքաբերում նորակառույց Սուրբ Գեւորգ եկեղեցու օծման արարողությունն էր։ Գյուղ էին ժամանել տարբեր միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Գյուղապետի նախաձեռնությամբ՝ երեկոյան ժամերին կազմակերպվել է նաեւ հրավառություն:




























