Երեւանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Խոսքը 12, 15 եւ 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է։ Վարորդները դեռ համբերատար սպասում են։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին։ Աշխատավարձերի ուշացման պատճառաբանությունը հետեւյալն է՝ ուղեւորահոսքը նվազել է, եւ երթուղիները սպասարկող ընկերությունը կանգնել է Ֆինանսական դժվարությունների առաջ։ Հետաքրքիր է, որ մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիներում նման խնդիրներ չկան, որտեղ եւ վարորդներն են ստանում իրենց հասանելիք գումարը, եւ մեքենաների տեխնիկական վիճակի պահպանման ծախսերն են կարողանում հոգալ։ Իսկ քաղաքապետարանի դեպքում դա, փաստորեն, չի ստացվում»,– գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























