ՉԻ»–ն իր նախորդ հրապարակումներից, մեկում անդրադարձել էր այն խնդրին, որ վերանորոգման պատճառաբանությամբ կառավարությունը տնից զրկել էր Մարտիրոս Սարյանի ընտանիքին։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Նշենք, որ «ՉԻ»–ն այդ առիթով դեռեւս սեպտեմբերի 30-ին գրավոր հարց էր ներկայացրել Մշակույթի նախարարություն եւ այդպես էլ պատասխան չէր ստացել։

 Կառավարության հերթական նիստից հետո «ՉԻ»-ն փորձեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից տեղեկանալ, թե հավաստի՞ են լուրերն այն մասին, որ վերանորոգումից հետո Մարտիրոս Սարյանի ընտանիքին զրկել են տուն վերադառնալու հնարավորությունից։

Ի պատասխան «ՉԻ» հարցի՝ Հասմիկ Պողոսյանը նշեց. «Ո՞վ է այդպիսի բան ասում, ո՞վ է այդպիսի լուրեր տարածում։ Դուք գիտեք, որ Սարյանի թանգարանը հրդեհվել էր եւ կանգնել էր վերանորոգման։ Եվ այդ հրդեհված տանը այլեւս հնարավոր չէր ուղղակի բնակվել։ Եթե ուշադրություն դարձրեցիք, պետությունը գումար տրամադրեց, որպեսզի այդ հրդեհված տարածքները կարգի բերեն։ Ինչո՞ւ են այդպիսի բաներ խոսում, ես ուղղակի չեմ հասկանում։ Այս ամենը խոսակցությունների մակարդակով է։ Իր աղջիկը ֆոնդապահ է աշխատում թանգարանում։ Դա բավարար ապացույց չի՞»։ «ՉԻ» դիտարկմանը, որ Մշակույթի նախարարությունը մեր գրավոր հարցմանը տեւական ժամանակ է չի պատասխանում, Հասմիկ Պողոսյանը նշեց. « Ձեզ հիմա իբրեւ մշակույթի նախարար պաշտոնապես ասում եմ այն, ինչ որ գիտեմ եւ ինչից տեղյակ եմ։ Փառք Աստծո, որ գոնե հրդեհի պահին նկարները չէին գտնվում թանգարանում, քանի որ վերանորոգում սկսելու պատճառով տեղափոխվել էին։ Եկեք միասին մտածենք ոնց պահպանենք Մարտիրոս Սարյանի ժառանգությունը։ Այ այստեղ եթե վտանգ սպառնա, եկեք բոլորս ՏՕՏ կոչենք», - մեջբերում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):