Սիրիայում ազատություն են ստացել լիբանանցի ինն ուխտավորներ, որոնց մեկ տարի առաջ առեւանգել էին գրոհայինները: Այս մասին հայտնել է Լիբանանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Մարվան Շարբելը: Ըստ նրա` ներկայումս ուխտավորներն արդեն Թուրքիայում են, իսկ ավել ուշ կտեղափոխվեն Լիբանան:
Անցյալ տարվա մայիսին սիրիացի գրոհայինները առեւանգել էին Իրանից Լիբանան վերադարձող 11 շիա ուխտավորների` թուրք-սիրիական սահմանն անցնելուց անմիջապես հետո: Ացյալ տարվա օգոստոսին առեւանգիչները ազատ էին արձակել ուխտավորներից մեկին, նույն տարվա սեպտեմբերին ազատվել էր եւս մեկը:
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատիի հայտարարության մեջ հաղորդվում է, որ ինն ուխտավորները ազատվել են` Քաթարի արտգործնախարար Հալեդ բեն Մուհամադ ալ Աթայի, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի միջնորդության շնորհիվ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Բեյրութում «Զուվար ալ իմամ ար Ռիդա» շիական խմբավորումը առեւանգել էր թուրք երկու օդաչուի, որոնց ազատության դիմաց պահանջում էին ազատել Սիրիայում առեւանգված լիբանանցիներին: Օդաչուները մինչ այժմ գերության մեջ են, սակայն Թուրքիայի արտգործնախարարը հոկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ այդ պատմության ավարտը նույնպես մոտ է:





























