«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Սիբիր» ավիաընկերության կողմից իրականցվող Երեւան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր 05.30-ին, չի իրականացվել տեխնիկական պատճառներով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց, «Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը եւ ավելացրեց, որ ուղեւորների թիվը 95-ն է:

Նրա խոսքով, կասկածներ են եղել, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիր ունի, որը մասնագետները փորձում են գտնել: « Մասնագետները հույս են տալիս, որ ինքնաթիռը 2-3 ժամից կթռչի: Փաստացի մտածել են՝ տեխնիկական պատճառ կա, բայց մինչեւ այս պահը ոչ մի բան չեն գտնում, դրա համար ձգձգվում է: Բայց մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարվում: Ուզում են 100 տոկոսով վստահ լինել, որ ամեն ինչ լավ է նոր ուղարկեն»,- մանրամասնեց «Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը:

Միաժամանակ ավելացրեց, որ ուղեւորներին բարձր կարգով ուշադրության կենտրոնում են պահում: «Հյուրանոցից սկսած, սննդով ապահովել ենք»,- պնդեց ներկայացուցիչը: